ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ

Կայացել է ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ արտագնա երկրորդ խորհրդաժողովը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտագնա երկրորդ խորհրդաժողովը` նախարարության խորհրդատուների մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկայացվել են առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններն ու առաջնահերթությունները, 2019 թվականի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առողջապահության նախարարության խորհրդատուների գործունեությանը:

Խորհրդաժողովին բացման խոսքով է հանդես եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աշխատանքային այս հանդիպման նպատակն է մեր կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ձեզ ինֆորմացիա տրամադրելը և ձեզանից ինֆորմացիա ստանալը` լսել ձեր կարծիքը, ստանալ ձեր արձագանքը: Այս առումով ուզում եմ շեշտել, որ երբ մեզ տարբեր առաջարկներ եք ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ, փորձում ենք առաջնահերթություններով առաջ գնալ: Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե որոշ հարցեր անտեսվել են, դրանք հաստատապես անպատասխան և չուսումնասիրված չեն մնալու, արձագանքներ լինելու են անպայման»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը մասնավորապես շեշտել է, որ այսպիսի հանդիպումները պետք է օգտագործել առաջարկությունների շուրջ խոսելու, դրանք այս կամ այն ձևաչափով քննարկելու նպատակով:

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ առողջապահության նախարարությունը մշտապես հաշվի է առնում ոլորտի մասնագետների կարծիքը փոփոխություններ իրականացնելիս, տարբեր ծրագրեր մշակելիս»,- ասել է նա:

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի հնգամյա (2020-2025 թվականներ) զարգացման ռազմավարությունը, մասնավորապես անդրադարձ կատարեց այն հանգամանքին, որ աշխարհում առողջապահական շրջանակները փոփոխվել են, առողջապահության գլոբալ կառուցվածքը դարձել է ավելի ընդգրկուն, սակայն՝ շատ ավելի բարդ: Առողջապահական մարտահրավերները բազմանկյուն են դարձել և պահանջում են կառավարման բոլոր մակարդակների (միջազգային, ազգային և տեղական) ակտիվ մասնակցություն: Նա ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, զարգացման ռազմավարության հայեցակարգի կառուցվածքը, որը ներառում է հիմնարար սկզբունքները, նպատակն ու խնդիրները, բնակչության առողջական վիճակի նկարագիրը և հիմնական բժշկաժողովրդագրական ցուցանիշները, առողջության հետ կապված հիմնախնդիրները:

Խոսելով հայեցակարգի հիմնարար սկզբունքների մասին, Ա. Բազարչյանը շեշտեց, որ դրանք են՝ «մարդամետ» առողջապահությունը, մարդու իրավունքների գերակայությունը, արդյունավետ քաղաքականությունը և համարժեք կառավարումը, մասնակցային կառավարումը, սոցիալական համերաշխությունը և բոլորի համար հավասար իրավունքներն ու հնարավորությունները:

Ա. Բազարչյանը կարևորեց այն, որ հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները` ուղղված Հայաստանի Հանրապետությունում բնակչության առողջության պահպանմանը, հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը, կյանքի որակի բարելավմանը, կյանքի միջին տևողության երկարաձգմանը:
Ներկայացնելով ակնկալվող արդյունքները, Ա. Բազարչյանն ասաց, որ շեշտադրվում են Առողջության ցուցանիշների բարելավումը և Առողջության համակարգի ցուցանիշների բարելավումը:

Անկախ փորձագետ Սամվել Խարազյանը հանդես եկավ «Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը» և «Բժշկական ծառայությունների գնագոյացումը Հայաստանում» թեմաներով: Հարկ է նշել, որ Առողջության Համապարփակ Ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը: ԱՀԱ համակարգը ապահովագրվածների համար երաշխավորում է բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ։
ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով՝ պետության կողմից հիմնադրված կառույցի` ԱՀԱ հիմնադրամի միջոցով, որը պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։

ԱՀԱ ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, հիվանդությունների պատճառով հաշմանդամության դեպքերի կրճատումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ խորհրդատուներին հուզող ոլորտային խնդիրների ակտիվ քննարկում, բարձրաձայնվեց աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները և ներկայացվեց հնարավոր լուծումների առաջարկներ:

Խորհրդաժողովի երկրորդ օրը սկսվեց  առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմամբ: Ծրագիրը կառավարության կողմից հավանություն արժանանալուց հետո կներառվի 2020թ. բյուջեում։

Ծրագիրը կազմված է 4 բաղադրիչից։

Դեռահասային տարիքի աղջիկների և տղաների կանխարգելիչ զննումներ, որպեսզի վաղ շրջանում վերհանվեն և բուժվեն վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները։

 Ամուսնական բոլոր զույգերին, որոնք կգրանցեն իրենց ամուսնությունը, հետազոտությունների փաթեթի տրամադրում, որում ներառված կլինեն առողջ հղիությանը խոչընդոտող հիվանդությունների ախտորոշման ծառայություններ։

Բարձր ռիսկի խմբի հղիների համար հավելյալ սքրինինգային հետազոտությունների անցկացում, ինչը թույլ կտա պահպանել հղիությունը բազմաթիվ դեպքերում։

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծրագրի ընդլայնում, որը ընդունվեց այս տարի՝ ընդգրկելով ավելի շատ զույգերի արհեստական սերմնավորման, արտամարմնային բեղմնավորման ծառայություններ։ Այնուհետև ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա   Գյուրջյանը ներկայացրեց Առողջապահության բնագավառի հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկերը, որն ուղեկցվեց քննարկումով, կարծիքների փոխանակմամբ:

Հիշեցնենք, որ սույն խորհրդաժողովն իրականացվել է Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցմամբ: