Ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր օղակներում կանցկացվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմաներով սեմինար-վարժանքներ

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն Երևանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետների համար կանցկացվեն «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության հմտությունների զարգացում» թեմայով աշխատավայրում կարճատև սեմինար-վարժանքներ (onjob training):
«ՄԻԱՎ վարակ» դասընթացի շրջանակում անցկացվող սեմինար-վարժանքները կօգնեն մասնակիցներին հասկանալու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի արդիականությունն ու կարևորությունը, կբարձրացնեն ՄԻԱՎ վարակի պատճառագիտության, ախտածագման, համաճարակաբանության, բուժման և կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը, ինչպես նաև սեմինար-վարժանքի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ պացիենտների մոտ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու շարժառիթ ձևավորելու, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրելու համար:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է սեմինար-վարժանքներ իրականացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ԱԱՊ հաստատություններում, որի արդյունքում մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ 10 կրեդիտ:
Դասընթացի ուսումնական բազան ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է, որն ունի գիտաուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման տարիների փորձ, փորձառու դասախոսական կազմ, տեխնիկապես հագեցած ուսումնական ռեսուրսային կենտրոն:
Նմանատիպ սեմինար-վարժանքներ նախատեսվում է իրականացնել ՀՀ առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի կենտրոնի միջև Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի ԱԱՊ օղակի ավագ բուժաշխատողների համար վերոնշյալ թեմայով աշխատավայրում կարճատև սեմինար-վարժանքները, որոնց ունկնդիրների թիվը մինչև տարեվերջ կհասնի 200-ի:
Առողջապահության ազգային ինստիտուտում 2010 թվականից ներդրված «ՄԻԱՎ վարակ» դասընթացի գիտական ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն է: