Նոր հարթակ. (Covid -19) օնլայն կոնսիլիում

Հունիսի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Բժշկական կամավոր միություն ընդդեմ Covid-19-ի, Հայկական բժշկական ասոցիացիայի և ՀՀ-ում գործող բժշկական տարբեր ասոցիացիաների և մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի նպատակն էր համատեղ արդունավետ փոխգործակցությամբ ձևավորել մեկ միասնական հարթակ՝ կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին սպասարկում ապահովող բուժկենտրոնների և առողջության առաջնային պահպանման հաստատությունների համար:

Հանդիպման սկզբում Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ողջունելով ներկաներին ասաց, որ օնլայն կոնսիլիում հարթակի ստեղծման նպատակն է՝ հաղթահարել նոր կորոնավիրուսային համավարակը՝ մասնագիտական ներուժի միավորմամբ.
«Օնլայն կոնսիլիումը հրաշալի հարթակ է միավորելու և օգնության «դաշտ» դառնալու բուժհաստատությունների համար: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ում գործող բոլոր մասնագիտական ՀԿ-ներին և ասոցիացիաներին պատրաստակամ համագործակցության համար: Օնլայն կոնսիլիումի նպատակն է մասնագետների կողմից իրականացնել ոչ միայն խորհրդատվական , այլև տակտիկական գործողություններ, որոնք կնպաստեն արդյունավետ պայքար մղել նոր կորոնավիրուսային համավարակի դեմ»:
(Covid -19) օնլայն կոնսիլիումի շրջանակներում կստեղծվեն հարթակներ, որտեղ մասնագետները կարող են քննարկել կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների դեպքերը և ավելի արդյունավետ դարձնել բուժումը: Կոնսիլիումի կազմում ներգրավված են լինելու՝ բժիշկ -համակարգողներ ,բժիշկ- խորհրդատուներ, տեխնիկական համակարգողներ և իհարկե, յուրաքանչյուր բուժհաստատությունից ներկայացուցիչ :

Կոնսիլիում հրավիրելու ընթացակարգը գործելու է հետևյալ մեխանիզմով՝ հիվանդանոցի ներկայացուցչի կողմից բժիշկ համակարգողին հայտի ներկայացում և վարակակրի տվյալների տրամադրում, այնուհետև բժիշկ համակարգողը կապ է հաստատելու բժիշկ-խորհրդատուների հետ և տրամադրի վարակակրի տվյալները, որից հետո տեխնիկական համակարգողը պետք է տրամադրի կոնսիլիումի միացման տվյալները և նշված ժամից 15 րոպե առաջ բացվի համակարգը: Կոնսիլիումի ընթացքում բժիշկ-համակարգողը գրի է առնում մասնակցած բժիշկների եզրակացությունները, որոնք ձայնագրվելու են և փաստաթղթերի հետ միասին արխիվացվելու:

(Covid -19) օնլայն կոնսիլիում հարթակի շրջանակներում իրականացվելու են նաև բժշկական ուղեցույցների մշակում, բժիշկների բազաների ստեղծում, տեխնիկական ուղեցույցներ և տեսահոլովակների պատրաստում: