Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2020 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Ապագան առանց հեպատիտի»: ԱՀԿ-ն հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների մասին առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:  

ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ:

Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը` և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որի շրջանակներում բժշկական կազմակերպություններում կիրարկվում է ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում: Նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝  Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.8 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 2.1 անգամ:   

Սակայն փաստ է, որ վիրուսներն իրենց բարդություններով վտանգ են ներկայացնում հատկապես անտեղյակության և չհայտնաբերման դեպքում: Հարկ է նշել, որ վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի, ինչպես նաև կառավարելի  և բուժելի:

Առողջապահության նախարարությունը,  «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկայնի անվան  առողջապահության ազգային ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի անվճար  թեստավորում, որը կիրականացվի անանուն, անվճար, հասանելի և արագ:

Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող  (ընտանեկան բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման դասընթացներ (այն հասանելի է ԱԱԻ-ի հարթակում՝ http://online-edu.am):

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «Մի՛ գուշակիր, հետազոտվի՛ր» արշավը` նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:

Թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաներում՝

1.         Թիվ 22 պոլիկլինիկա

2.         Թիվ 12 պոլիկլինիկա

3.         Թիվ 19 պոլիկլինիկա

4.         Թիվ 13 պոլիկլինիկա

5.         Նոր Արեշ պոլիկլինիկա

6.         Թիվ 4 պոլիկլինիկա

7.         Թիվ 5 պոլիկլինիկա

8.         Թիվ 8 պոլիկլինիկա

9.         Կարմիր Բլուր պոլիկլինիկա

10.       Թիվ 15 պոլիկլինիկա

11.       Թիվ 17 պոլիկլինիկա

12.       Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա

13.       Նոր Արաբկիր պոլիկլինիկա

14.       Արշակունյաց պոլիկլինիկա

15.       Սարի թաղ պոլիկլինիկա:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ձևավորելով համակարգային մոտեցումներ: Այն գործարկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ  ծրագրի շրջանակներում: