Առողջապահության նախարարի այցը ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան ևմասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը,ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ողջունելով հյուրերին, նշել է. «Շնորհակալ եմ,որոլորտի ներկայացուցչական կազմը՝ նախարարի գլխավորությամբ`այսօր այստեղ է: Ակնառու է, որ վերջին տարիներին Առողջապահության ազգային ինստիտուտը կարողացավ վերականգնել իր գիտական ներուժը՝ օր օրի առավել ամրացնելով ԱԱի-ի գիտակրթական հենքը: Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ մեր ընտանիքի կողմից գիտաբժշական գրադարանին նվիրել եմ մի շարք գրքեր»:

Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ, որոնք հետայսու պիտի համալրեն գրադարանի հարուստ ֆոնդերը:

Նախարարն իր ելույթում նշել է, որ գիրք նվիրելու օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և սա ևս մեկ առիթ է միմյանց շնորհավորելու, թումանյանական պատգամները վերաիմաստավորելու և մտորելու համար:

«Տասնամյակներ ի վեր Առողջապահության ազգային ինստիտուտը ոլորտի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Այն պետք է քայլ առ քայլ զարգացում ապրի՝ հիմք ընդունելով ժառանգությունն ու նայելով ապագային:

Անշուշտ, նշանակալի են ԱԱԻ-ի վերջին տարիների ձեռքբերումները: Կարծում եմ` Առողջապահության ազգային ինստիտուտի և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացումը առավելապես կնպաստի ամուր գիտակրթական կենտրոն լինելուն: Ցավոք, այս տարի ԱԱԻ-ը երկու մեծ կորուստ ունեցավ՝ մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, մարդիկ, ովքեր հեռացան, բայց եկող սերունդներին թողեցին իրենց մեծ ու նշանակալի ժառանգությունը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին: