ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ Բ և Ց-ի, տուբերկուլոզ և Նոր կորոնավիրուսային հիվանդության բեռը և դրանց տնտեսական ու սոցիալական հետևանքների վերլուծություն

ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ Բ և Ց-ի, տուբերկուլոզ և Նոր կորոնավիրուսային հիվանդության բեռը և դրանց  տնտեսական ու սոցիալական հետևանքների վերլուծություն թեմայով հանդիպում-քննարկումը:

Հանդիպմանը ներկա էին Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանային միացյալ թիմի ռազմավարական տեղեկատվական խորհրդատու Լև Զոհրաբյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը:

Ողջունելով ներկաներին՝ ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը  կարևորեց այսօրինակ հանդիպումների անցկացումը, ևս մեկ անգամ վերահաստատեց  վերոնշյալ հիվանդությունների դեմ պայքարը՝ որպես համակարգային գերակա ուղղություն:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  կանխարգելման համար մշտապես իրականացվել է հետևողական աշխատանքներ, թեև վերջին ժամանակաընթացքում հասկանալի պատճառներով գործընթացների տեմպը փոքր-ինչ դանդաղեց, սակայն մենք կարողացանք պահպանել առկա մակարդակը և կարողությունները: Այսօր ավելի քան կարևոր է զարգացնել այս հիվանդությունների դեմ պայքարի ասպեկտները, իհարկե այդ ամենը փորձելով պրոյեկտել ինֆեկցիոն հիվանդությունների, Կովիդի դեմ տարվող աշխատանքներին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկեր կառույցներին, գիտնականներին, հետազոտողներին, ակնկալում եմ, որ աշխատանքի արդյունքում կունենանք առաջարկություններ, որոնք կարող ներկայացվել որոշում կայացնելու  իրավասություն ունեցող անձանց»:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը գոհունակությամբ նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում գիտության խորան համարվող ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, հավելելով՝ հանդիպման նպատակը կատարված աշխատանքների ամփոփումն է:

Հանդիպման բանախոս ԱԱԻ Առողջապահության ազգային հաշիվների կենտրոնի ղեկավար Անաստաս Աղազարյանը ներկայացրեց   «ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ Բ և Ց-ի, տուբերկուլոզ և Նոր կորոնավիրուսային հիվանդության բեռը և դրանց տնտեսական ու սոցիալական հետևանքների վերլուծություն» զեկույցը:

 «2019 թվականին մենք իրականացրեցինք հիվանդությունների բեռի և դրանց տնտեսական ու սոցիալական հետևանքների վերլուծություն, իսկ 2020 թվականին կատարված աշխատանքներին ավելացավ նաև Նոր կորոնավիրուսային հիվանդությունը: Հետազոտությունը իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մեթոդաբանությամբ: Զեկույցում համալիր անդրադարձ է արված նշյալ հիվանդություններով պայմանավորված   սոցիալ-տնտեսական իրողություններին»:

Հանդիպմանը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանային միացյալ թիմի ռազմավարական տեղեկատվական խորհրդատու Լև Զոհրաբյանը՝   ինչպես ամփոփ զեկույցով, այնպես էլ հարց-պատասխան ձևաչափով ներկայացրեց հիվանդությունների  դեմ պայքարում առկա ժամանակակից միտումները՝ հիմնված փաստական նյութի և  ստատիստիկ վելուծության վրա: