ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստ

Սույն թվականի ապրիլի 26-ին, Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

 Նիստին ներկա էին Առողջապահության նախարար,ՄՀՀ հանձնաժողովի նախագահ Անահիտ Ավանեսյանը,ՄՀՀ հանձնաժողովի հաստատված անդամները և հրավիրված անձինք։

Ողջունելով  ներկաներին՝ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նշյալ ծրագրի շրջանակներում մինչ օրս կատարված  աշխատանքների հետագիծը՝ զուգահեռաբար ուրվագծելով իրականացվելիք աշխատանքները.

 «Հանձնաժողովի առջև երկու կարևոր խնդիրներ են դրված,մասնավորապես՝ տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդյունավետ հակազդմանն ուղղված աշխատանքները, որոնց իրականացմանը առաջիկայում  պետք է  միասնաբար ձեռնամուխ լինենք :

ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը (ՄՀՀ) ստեղծվել  է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ընթացիկ գերակայող ռազմավարությունների որոշման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման ու շարունակական հսկողության իրականացման նպատակով: Այսօրվա  նիստը առավել կարևորում եմ, քանի որ քննարկելու ենք 2022-2024 թվականների  համար նոր դրամաշնորհային ծրագրերին առնչվող հարցեր»:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա Ասմագուլյանը ներկայացրեց  ՄՀՀ հիմնական սկզբունքներն ու գործառույթները, տեղի ունեցավ ՄՀՀ փոխնախագահի ընտրությունը, հաստատվեց  շահերի բախման հարցն ուսումնասիրող, բողոքարկման և էթիկայի հանձնաժողովի կազմը, հաստատվեց  ՄՀՀ անդամների բարեվարքության կանոնագիրքը:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին 2022-2024թթ ժամանակահատվածի համար նոր դրամաշնորհային հայտի ներկայացում» զեկույցով հանդես եկավ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը: Զեկույցում ընդհանրական անդրադարձ կատարվեց ծրագրին առնչվող բոլոր հարցադրումներին:

Այնուհետև հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնց բանախոսների կողմից տրվեցին սպառիչ  պատասխաններ: Նիստի ավարտին հաստատման ներկայացվեց դրամաշնորհային հայտի հիմնական ստացողի ընտրությունը, որն էլ  հաստատման արժանացավ: