Statisticsl Yearbooks
Health performance
National health accounts

Մայիսից  սկսվել է ՇՄԶ  շրջանակում առաջին բուժաշխատողների հավաստագրումը


11.07.2016
Վերադառնալ դեպի    

ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականից Հայաստանում ներդրել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ՝ բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները շարունակաբար բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, նոր գործնական հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման միտումներից և նորամուծություններից ետ չմնալու նպատակով:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն,  բժիշկը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 220 կրեդիտ՝ բալ, որը կտրվի այս կամ այն շարունակական մասնագիտական զարգացման միջոցառմանը մասնակցելու համար: Բժշկին կրեդիտներ կշնորհվեն նաև արտասահմանում վերապատրաստվելու կամ համացանցով՝ առցանց դասընթացի մասնակցելու դեպքում։ Դա նրան հնարավորություն կտա հաջորդ հինգ տարվա շրջափուլում շարունակել մասնագիտական գործունեությունը և աշխատել որպես բժիշկ: Իսկ միջին բուժանձնակազմը նույն ժամանակաընթացքում պետք է հավաքի 120 կրեդիտ։

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվել է Մասնագիտական հավաստագրման ազգային կենտրոն, որն իրականացնելու է ՇՄԶ միջոցառումների կրեդիտների հաշվառում, բուժաշխատողների հավաստագրում, ինչպես նաև վարելու է ՀՀ բուժաշխատողների էլեկտրոնային ռեգիստրը:

2016 թվականի մայիսից սկսվել է առաջին բուժաշխատողների հավաստագրումը, իսկ 2021 թվականից սկսած այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

Համակարգի ներդրմանը զուգահեռ ստեղծվել են Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոն և կրեդիտավորման հանձնաժողով: Կրեդիտների չափը սահմանելու համար մշակվել են չափորոշիչներ։ Գործընթացում ընդգրկվում են նաև մեր երկրում գործող բժշկական մասնագիտական կազմակերպությունները։

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Հավաստագրման կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը, ներկայացնելով կրեդիտավորման հիմնական սկզբունքները, նշեց, որ դրանց մշակման ժամանակ հիմք է ընդունվել Եվրոպական կրեդիտավորման խորհրդի կողմից պայմաններն ու պահանջները, քանի որ նպատակ ունեն հետագայում սկսել նշյալ խորհրդի կողմից կրեդիտների փոխճանաչման գործընթաց:

Սոնա Սարգսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր հնգամյա փուլում բժիշկները պետք է հավաքեն նվազագույնը 220 ՇՄԶ կրեդիտ, բացառություն են դեղագետները ու բժշկական այլ մասնագիտություններով որակավորված բուժաշխատողները, որոնց համար սահմանված է 160 կրեդիտ: Իսկ միջին բուժաշխատողները պետք է հավաքեն 140 ՇՄԶ կրեդիտ և ունենան առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ: Այս դեպքում դեղագետների ու բժշկական այլ մասնագիտություններով որակավորված բուժաշխատողների համար սահմանված է 100 կրեդիտ:

Կրեդիտները տրամադրվում են 3 հիմնական ուղղություններով՝ տեսական գիտելիների զարգացում, գործնական հմտությունների զարգացում և ինքնակրթում։ Բժիշկը պարտավոր է 5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով:

Սոնա Սարգսյանը նշեց, որ ավագ և միջին բուժաշխատողները կարող են ստանալ տեսական կրեդիտներ հրատարակված գիտական աշխատանքներից, գիտական աշխատությունների պաշտպանության կամ ղեկավարման համար, ինչպես նաև թե Հայաստանում, թե արտերկրում գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների մասնակցությունից: Գործական կրեդիտների շնորհման հիմնական աղբյուրներ են աշխատավայրում մասնագիտական վերապատրաստումներ, գիտական աշխատանքների կատարումն ու դրանց պաշտպանությունը և գիտագործական ակտիվության միջոցնառումներ, ինչպիսիք են վարպետության դասերի իրականացումն ու մասնակցությունը:

Ներդրվել է նաև ինքնակրթության համար շնորհվող կրեդիտներ, որոնք կարելի է ստանալ օնլայն դասընթացների, հեռահար կուրսներին մասնակցության, գիտաբժշկական գրադարանում իրականացվող աշխատանքների ու գիտական աշխատանքների հրապարկման ու դրանց արդյունքների ներկայացման միջոցով:

Նշենք, որ ՇՄԶ համակարգի ներդրումով զգալիորեն կբարձրանան առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները, կարդիականանան նրանց գիտելիքները, ձեռք կբերեն նոր գործնական հմտություններ։ Այդ համակարգի միջոցով կընդլայնվի համագործակցունը միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք միջազգային կրեդիտներ են տրամադրում` փորձելով մաս կազմել համաշխարհային մասնագիտական շարունակական զարգացման բժշկական համակարգի, որը վաղուց արդեն գործում է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում:

Print Friendly and PDF