AIOC V / Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողով

Ավելի քան 90 զեկույցներ, հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, փորձի փոխանակման լայն հնարավորություն.  Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը Հայաստանում անցավ հագեցած աշխատանքային մթնոլորտում: 

Այս տարի 4- օրյա կոնֆերանսն ընդգրկել է ակնաբուժության բոլոր արդի թեմաները, եղել են կրեդիտավորված ծրագրեր հատուկ երիտասարդ ակնաբույժների և կլինիկական օրդինատորների համար, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոնում միկրովիրաբուժական հմտությունների կիրառման հնարավորություն: Համաժողովի վերջին օրը՝ մայիսի 29-ին, Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովի վերջին օրը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց «Օպտիկ-օպտոմետրիա» թեմայով գործնական սեմինար` միջին բուժաշխատողների համար: 

Միջոցառման շուրջ 100 մասնակիցներին ողջունեց ԱԱԻ-ի Աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը` կարևորելով բուժքույրերի դերն ակնաբուժական ծառայությունների մատուցման գործում: Պրոֆեսորը նշեց, որ ժամանակակից ակնաբուժության  տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը միջին բուժաշխատողներից ևս պահանջում է լուրջ պատրաստվածություն և սեմինարի նպատակը ժամանակին համահունչ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելն է: 

AIOC V –ի շրջանակներում անցկացվող սեմինարի ընթացքում ներկայացվեց թեմատիկ 8 զեկույց, դրանց հաջորդեց գործնական հատվածը: Գիտագործնական հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում. մասնակիցները հնարավորություն ստացան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերն ու ստանալ պատասխաններ, որոնք կօգնեն հետագա աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու գործում: