Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է.

«Մի աղտոտեք մեր մոլորակը»

Մայիսի 31-ին ԱՀԿ անդամ երկրներում, այդ թվում Հայաստանում, նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Այս տարված կարգախոսն է «Մի աղտոտեք մեր մոլորակը»:
Ողջ աշխարհում ծխախոտի բացասական ազդեցությունը տարեկան խլում է ավելի քան 8 միլիոն մարդու կյանք: Ծխախոտի գործածումն աշխարհում երբևէ ծագած առողջապահական ամենալուրջ սպառնալիքներից մեկն է եւ հիմնական ռիսկի գործոնը ոչ վարակիչ հիվանդությունների համար, ինչպիսիք են չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, շնչուղիների քրոնիկ և սրտանոթային հիվանդությունները, ինչն առաջացնում է առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ. մասնավորապես՝ մեր երկրում ծխախոտի օգտագործման առողջապահական ծախսերը հասնում են 75.9 միլիարդ դրամի: 
Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ներդրումային հետազոտության տվյալներով՝ Հայաստանի բնակչության շուրջ 28 %-ն օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որեւիցե մեկը: Արդյունքում ծխախոտն ամեն տարի խլում է ավելի քան 5500 մարդու կյանք: Դա կազմում է բոլոր մահերի 20 %-ը, որոնց 52%-ը մինչև 70 տարեկանների շրջանում է: Ծխախոտի պատճառով կորսված կյանքերի գրեթե մեկ հինգերորդ մասը (19 %-ը) պայմանավորված է երկրորդային ծխի ազդեցությամբ, որը համաշխարհային միջին ցուցանիշի կրկնակիից ավելին է: Մեծահասակների շրջանում ծխախոտի երկրորդային ծուխն առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքերի քաղցկեղ: Նորածին երեխաների մոտ այն առաջացնում է հանկարծամահություն: Հղիների դեպքում ցածր քաշ ունեցող երեխաների ծննդյան պատճառ է դառնում:
Ամեն տարի առողջությունը ծխախոտի միջոցով քայքայելու դիմաց ՀՀ քաղաքացիները վճարում են 273.1 միլիարդ դրամ: Հսկայական է նաև ծխախոտի արտադրության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ընդ որում, այն անդադար աճում է՝ ավելորդ ճնշում գործադրելով մեր մոլորակի առանց այն էլ սուղ ռեսուրսների և փխրուն էկոհամակարգի վրա: 
Ծխախոտի ծխում կան ավելի քան 4000 քիմիական նյութեր, որոնցից առնվազն 250-ը հայտնի են որպես վնասակար, և ավելի քան 50-ը՝ որպես քաղցկեղածին: 
Ծխախոտի օգտագործման դեմ պայքարում Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի ուժի մեջ մտնելը: Ըստ դրա, արգելում է ծխելը բոլոր փակ հասարակական վայրերում. ընդունում է գովազդի, խթանման եւ հովանավորության լիակատար արգելք, իսկ 2024 թվականից այն պարտադրելու է ծխախոտային արտադրանքի միատեսակ փաթեթավորում:
Բացի այդ, որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, Հայաստանը պարտավորվում է իրականացնել ծխախոտային արտադրանքի վրա նախազգուշացնող խոշոր գրաֆիկական պատկերների տեղադրումը եւ շարունակել հարկերի բարձրացումը` ԵԱՏՄ երկրների հետ ներդաշնակ:
2020 թվականից ՀՀ Առողջապահության նախարարությունում գործում է ծխելը դադարեցնելուն ուղղված անվճար թեժ գիծ՝ +37460 440 001: