«Կերակրող մայր» պիտակով գրառումներ

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում լավագույնը բացառապես կրծքով սնուցումն է, որն այդ շրջանում լիովին ապահովում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջարկը և պաշտպանում նրան հիվանդություններից։ Սակայն երեխայի աճին և զարգացմանը զուգընթաց միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրա օրաբաժնին ավելացնել այլ սնունդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրումը մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար։
Սովորաբար հղիության ընթացքում կնոջ քաշն ավելանում է միջինում 10-14 կգ-ով։ Հնարավոր է, որ ծննդաբերությունից հետո Ձեր քաշը 3-4 կգ-ով ավելի լինի, քան եղել է մինչև ծննդաբերությունը։ Մի՛ ջանացեք անմիջապես նիհարել. հղիության ընթացքում կուտակված պաշարները, հատկապես ճարպը, կօգտագործվեն կաթվատվության շրջանում։ Կրծքով կերակրելը կօգնի վերականգնելու Ձեր նախկին քաշը և մարմնակազմվածքը, քանի որ այն պահանջում է էներգիայի մեծ ծախս։
Բնությունը հոգացել է, որ երեխայի ծննդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլ նաև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից՝ ապահովելով կյանքի «լավագույն սկիզբը»։ Կրծքով սնուցումը սկսե՛ք հետծննդյան առաջին ժամվա ընթացքում։ Բժիշկները խորհուրդ են տալիս, որ երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը գրկի նրան՝ ապահովելով մաշկը մաշկին շփումը։
Հղիությունը շատ կարևոր ժամանակաշրջան է։ Ժամանակն է խորհելու Ձեր ապրելակերպի, սովորությունների և սննդակարգի մասին, քանի որ դրանից է կախված Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջությունը, ֆիզիկական և մտավոր զարգացումը: Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պետք է ապահովել առողջ սնուցում՝ հետևելով սննդային բուրգի պահանջներին։
Կյանքի առաջին 1000 օրը, ինչը ներառում է ներարգանդային զարգացման 9 ամիսը և ծնունդին հաջորդող 2 տարին, կանխորոշում է անհատի առողջական հեռանկարները հետագա ողջ կյանքի համար։ Երեխայի զարգացման ընթացքում կան մի շարք ճգնաժամային փուլեր, և եթե այդ փուլերից որևէ մեկի ընթացքում առկա են անբարենպաստ պայմաններ, վնասակար գործոններ, ապա դրանք իրենց բացասական հետքն են թողնում անհատի հետագա կյանքի վրա: