ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ

Վերագործարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման դասընթացը

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում ստորագրված պայմանագրի համաձայն վերագործարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման դասընթացը: Այդ կապակցությամբ օգոստոսի 29-ին դասընթացի ուսումնական բազայում՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կայացավ խորհրդակցություն դասընթացի դասախոսական կազմի հետ: Ուսումնական խորհրդակցությունը վարում էր «ՄԻԱՎ վարակ» դասընթացի գիտական ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը:


Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ինստիտուտի դեկան Գոհար Երիմյանը:

 

Քննարկվեցին վերագործարկված դասընթացի թեմատիկ ցիկլերի քանակի և տևողության փոփոխության հետ կապված խնդիրները, վերջնական հավանության արժանացան թեմատիկ ցիկլերի՝ որպես ՇՄԶ միջոցառումներ կրեդիտավորման համար պատրաստված փաստաթղթերի փաթեթները, որոնք կներկայացվեն Առողջապահության նախարարություն: Նաև քննարկվեցին և որպես հիմք ընդունվեցին 2019-2020թթ. դասընթացի անցկացման նախնական պլանները: 
Հավելենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների վերապատրաստման և կատարելագործման նպատակով միջազգային առաջավոր փորձի հիման վրա մշակված «ՄԻԱՎ վարակ» դասընթացը ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում ներդրվել և անցկացվում է 2010թ-ից: 

 

Դասընթացի անցկացման բազան ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է (ՁԻԱՀ-ի ԿՀԿ): Առ այսօր «ՄԻԱՎ վարակ» դասընթացին մասնակցել է շուրջ 1500 բուժաշխատող ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններից՝ անցնելով հնգօրյա թեմատիկ ցիկլեր և ստանալով վկայականներ ու ՇՄԶ 25 տեսական կրեդիտ: 


«ՄԻԱՎ վարակ» դասընթացի կազմակերպումն ու ղեկավարումն իրականացվում է ամբիոնական աշխատանքի սկզբունքների հիման վրա: Ներկայումս դասընթացի մեջ են ներառված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման եռօրյա դասընթացները, առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատությունների բուժաշխատողների համար անցկացվող սեմինար-վարժանքները, բժիշկ-լաբորանտների և բուժակ-լաբորանտների համար վերապատրաստման ծրագրերը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ 2017թ. ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետների կողմից երկրում առաջին անգամ մշակվել է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման առցանց դասընթաց, որի մասնակիցներին թեստավորման արդյունքների հիման վրա կշնորհվի ՇՄԶ 8 ինքնակրթության կրեդիտ (http://aids.online-edu.am):
«ՄԻԱՎ վարակ» դասընթացն էական ներդրում ունի բուժաշխատողների շրջանում կլինիկական մտածելակերպի զարգացման, կլինիկական ցուցումներով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված և ախտորոշում ստացածների թվի, ՄԻԱՎ վարակի հայտնաբերման գործակցի, հակառետրովիրուսային բուժման ծածկույթի աճի, նաև ՄԻԱՎ վարակով պացիենտների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցման հարցերում: 
Դասընթացի իրականացման արդյունքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ բուժաշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացման շնորհիվ բարելավվել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը, պացիենտների ուղեգրման համակարգը, համակցված վարակների և օպորտունիստական հիվանդությունների կառավարումը, ՄԻԱՎ վարակի բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների արդյունավետությունը: 


Դասընթացի իրականացումը զգալիորեն նպաստում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի խնդիրների իրագործմանը բուժաշխատողների ներուժի զարգացման միջոցով: