ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 21-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր աշխատանքը սկսեց Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը: Այն կրում է ամենամյա բնույթ` հերթականության սկզբունքով յուրաքանչյուր տարի կազմակերպվելով Հայաստանում և Ռուսաստանում:


ՌԴ ԱՆ նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան շնորհակալություն է հայտնել համաժողովի նկատմամբ հայ գործընկերների կողմից ցուցաբերած ակտիվության համար։

 
Խոսելով համաժողովի ընթացքում քննարկվող թեմաների մասին՝ տիկին Սեմյոնովան ասել է։ «Ծրագիրը բավականին հագեցած է և հետաքրքիր։ Քննարկվող թեմաների շրջանակը լայն է. կենսական վնասներ, հակաբիոտիկների կայունություն, կենսաբժշկություն և այլ թեմաներ։ Ամենակարևորն, այս համաժողովի ընթացքում մասնագետը շփվում է մասնագետի հետ, քննարկում խնդիրներ, ստանում պատասխաններ և եզրահանգումներ անում»։

 

Տիկին Սեմյոնովայի փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկում են 2020թ. կայանալիք համաժողովի թեմաները։ «Հաջորդը՝ վեցերորդը կկայանա ՌԴ-ում։ Եվ մենք ուրախ կլինենք տեսնել այդ համաժողովին մեր հայ գործընկերներին», - իր խոսքն ամփոփել է Տ. Սեմյոնովան։


Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև կրեդիտավորվող միջոցառումներին ներկայացվող պահանջ-պայմաններին էր նվիրված Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի զեկույցը։

Ս Սարգսյանը նշել է, որ 2015-ից Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, որով երկրում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման  (ՇՄԶ) միջազգային պահանջներին համապատասխանող համակարգ, որի համաձայն, բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց։ 


Աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենալու նպատակով բուժաշխատողները պետք 5 տարվա ընթացքում որոշակի քանակությամբ կրեդիտային միավորներ հավաքեն:


Մասնագետի փոխանցմամբ՝ գործում է հետևյալ կարգը. «Ավագ բուժաշխատողները պետք է 220 կրեդիտային միավոր ձեռք բերեն, դեղագետները` 160 միավոր, միջին բուժանձնակազմը` 140 միավոր, դեղագործները` 100 միավոր»:

 

Ս. Սարգսյանն ընդգծեց, որ  տարբերում են կրեդիտների 3 տեսակ:


«
Առաջինը՝ տեսական կրեդիտներ։ Տրվում են տեսական գիտելիքների ձեռքբերման համար (մասնակցություն մասնագիտական սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին և այլն)։


Երկրորդը՝ գործնական կրեդիտներ։ Տրվում են գործնական հմտությունների զարգացման համար (մասնակցություն վարպետաց դասերին եւ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման դասընթացներին):

 

Երրորդը՝ ինքնակրթության- ինքնազարգացման կրեդիտներ։ Տրվում են ինքնակրթության համար (մասնակցություն առցանց և հեռավար դասընթացներին, գիտական աշխատանքների, ատենախոսությունների հրապարակում եւ այլն։


Իր խոսքում Ս. Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում կրեդիտները տրվում են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, ուստի ՇՄԶ միջոցառման կազմակերպիչները պետք  է դիմեն նախարարությանը:


«
Հավաստագրման Ազգային կենտրոնի միջոցառման ծրագրի գնահատման եւ սահմանված չափորոշիչների համապատասխանության դեպքում միջոցառումը կճանաչվի կրեդիտավորված և մասնակիցներին կշնորհվեն կրեդիտային միավորներ»:

Անդրադառնալով Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովին՝ Ս. Սարգսյանն իր խոսքն այսպես եզրափակեց. «Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը, որը շարունակաբար իրականացվում է Հայաստանում, կարևոր իրադարձություն է մեզ համար, քանի որ նույն շարունակական մասնագիտական զարգացման ոլորտում Ռուսաստանը ևս իր քայլերն է անում ՇՄԶ կրեդիտային մոդելը ներդնելու հարցում։  Ուստի մենք կարևորում ենք համաժողովի անցկացումը համագործակցային  երկարատև նախագծերի ստեղծման և համատեղ աշխատանքների իրականացման առումով։ Որպես հետագա զարգացման ուղղություն տեսնում ենք միասնական էլեկտրոնային հարթակների ստեղծումը, որոնք կարող են հեշտացնել մեր բուժաշխատողների ինքնակրթության գործընթացը։ Հնարավոր կլինի ինքնակրթվել ու նյութեր կարդալ անգամ երեկոյան կամ հանգստի ժամերին։


Խիստ կարևորում ենք լուրջ ապացուցողական հենքով ռուսերեն և անգլերեն տեղեկատվական բազաների հասանելիության ապահովումը մեր բուժաշխատողների համար»։