Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

   Փետրվարի 4-ն  ամբողջ աշխարհում նշվում է  որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր:  

Օրվա խորհուրդը կայանում է նրանում, որ  ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռվի   չարորակ նորագոյացությունների հետ կապված հիմնախնդիրներին և դրանց հաղթահարմանը:

   Համաձայն 2018թ. վիճակագրական տվյալների, ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է ավելի քան 80%: Ընդ որում, մահացության կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը, կազմելով 55.2%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները (ՉՆ)` 20.2%, շաքարային դիաբետը (ՇԴ)` 2.2% և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕԲ)` 1.5%: Առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ (0-65 տարեկան հասակում) մահացությունը կազմում է շուրջ 20%:

2018թ. ԱՀԿ միջազգային փորձագետների կողմից իրականացվել է ՈՎՀ-ի տնտեսական բեռի գնահատում, որի արդյունքում պարզվել է՝ չորս առավել տարածված ՈՎՀ-երի հետ կապված ընդհանուր գնահատված  ծախսերը (ուղղակի և անուղղակի ծախսեր) 2017թ. դրությամբ կազմել են 362,7 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 6.5%): ՉՆ-ի տնտեսական վնասը (ուղղակի և անուղղակի ծախսեր) կազմել է 98.1 մլրդ դրամպետական ծախսը` 9.1% (8 մլրդ դրամ):

  Համաձայն 2018թ. ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան արձանագրվում է շուրջ 12 մլն քաղցկեղի նոր դեպք և 9,6 մլն մահացության դեպք: Յուրաքանչուր 6-րդ մահվան դեպքը պայմանավորված է ՉՆ-ով: Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի 70% գրանցվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում (ԱՀԿ, 2017թ.):

ԱՀԿ փորձագետների կանխատեսմամբ, համապատասխան կանխարգելիչ, բուժմանը և ախտորոշմանն ուղղված միջոցառումների ոչ լիարժեք իրականացման դեպքում, մինչև 2030 թվականը ՉՆ հիվանդությունների նոր դեպքերի թիվը կկազմի 27 մլն., իսկ մահերի թիվը` 17 մլն:

2018թ. ՀՀ-ում գրանցվել է ՉՆ-ով պայմանավորված 5199 մահվան դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 20.2%, այսպիսով, ՀՀ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մահանում է ՉՆ-ի պատճառով: ՉՆ-ից առաջացած վաղաժամ մահացությունը կազմում է 38% (1981 դեպք), որը զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (56%, 1108 դեպք, կանայք` 44%/873):

ՉՆ-ից մահացության դեպքերը 2018թ.-ին (5199), 1990թ.-ի (3484) համեմատությամբ, աճել են 1.5 անգամ: Միևնույն ժամանակ 2018թ.-ին, 2017թ.-ի (5550) համեմատությամբ՝ նվազել են 351 դեպքով (6%):

Համաձայն ԱՀԿ «Health for all» («Առողջություն բոլորի համար») շտեմարանի տվյալների Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում ՉՆ-ի հետևանքով  առաջացած մահացության ցուցանիշները ավելի բարձր են քան Հայաստանում: Տվյալները վերլուծվել են ըստ շտեմարանում հասանելի վերջին` 2016թ. տվյալների հիման վրա:

Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացությունն ավելի ցածր է, քան Հունգարիայում (վաղաժամ մահացությունը կազմել է 110, բոլոր տարիքային խմբերում՝ 226` 100 000 բնակչի հաշվով), Խորվաթիայում (84/206), Լատվիայում  (88/184), Լեհաստանում (191/8), Ռումինայում (98/186), Մոլդովայում (90/165), Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 77/180:

Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածվա են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների, շագանակագեղձի ՉՆ-ն, իսկ կանանաց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի :

   Մշտապես առողջապահության  նախարարության կողմից կարևորվել  է չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը Հայաստանում:

2015 թվականի հունվարի 1-ից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ՈՎՀ սքրինինգային ծրագիրը,  որի շրջանակում Հայաստանի 30-59 տարեկան բոլոր կանայք կարող են անվճար անցնել ՊԱՊ թեստի հետազոտություն: Ծրագրի նպատակն է նպաստել արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը: 2015-2017թթ.  170 հազար  կին անցել են ՊԱՊ թեստի հետազոտություն, 2018-2019թթ.` 108 հազար:

   Իսկ 2019 թվականի հունվարի 10-ի  Առողջապահության նախարարի թիվ 20-Ա հրամանով չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը, սկսած 2019 թվականի հունվարի 11-ից,  ամբողջ բնակչության համար իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում` առողջապահության նախարարի հրամանով հաստատված ծառայությունների շրջանակներում:

   Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող պացիենտների  համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով,  տեռագամ(Teragam) ճառագայթային սարքով և  էլեկտա(Elekta) էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ պացիենտի սոցիալական կարգավիճակից:

       ՀՀ  առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է պետության կողմից երաշխավորված անվճար և/կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ուռուցքաբանական ծառայության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչը միտված է  էապես բարելավելու՝ չարորակ նորագոյացություններով յուրաքանչուր պացիենտի հիվանդության վարման և բժշկական օգնության կազմակերպման գործընթացը: