Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ <<Ինքնասպանության և ինքնասպանության փորձերի մասնագիտական գնահատման և կանխարգելման ուղիները>> թեմայով: 
Ողջունելով ներկաներին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը ընդգծել է  նմանօրինակ քննարկումների նշանակությունն ու արդյունավետությունը: ԱԱԻ-ի Հոգեբուժության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը խոսելով խնդրի արդիականության մասին   նշել է. «Այսօր, ցավոք սրտի,մեր շուրջը ապրում են մարդիկ, ովքեր որոշում են կայացնում գիտակցաբար վերջ տալու իրենց կյանքին : Ուստի, բարձրաձայնվող խնդրի ուղղությամբ անելիքներն իսկապես շատ են:Մենք պատերազմ վերապրած հասարակություն ենք, ինչն էլ  ենթադրում է, որ ռիսկի գործոնը շատ մեծ է:Ամբողջ աշխարհում առկա վիճակագրությունը փաստում է , որ հետպատերազմական հասարակությունները առավել զգայուն են դառնում  հոգեծին գործոնների նկատմամբ :Սա նշանակում է , որ  այս ուղղությամբ աշխատանք պիտի կատարվի  ընդգրկուն սպեկտրով` պետական գերատեսչություններից մինչև հասարակական սեկտոր»: 
Քննարկման հիմնական ուղղություններն էին՝ ինքնասպանության և ինքնասպանության փորձերի հոգեբանական և հոգեբուժական առանձնահատկությունները, ինքնասպանության ռիսկայնության գնահատման հոգեբանական և հոգեբուժական գործոնները, ինքնասպանության հասցնելու գնահատման հիմքերը, ինքնասպանության կանխարգելման ուղիները:
Հանդիպման բանախոս, «Ուղեկից» սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի հիմնադիր , հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանի խոսքով՝ քննարկման նպատակը ինքնասպանության՝ որպես ժամանակակից հասարակության կարևոր հիմնախնդրի հոգեբանական, հոգեբուժական և իրավական գործոնների վերլուծություն, կանխարգելման ուղիների ներկայացումն է: 
ԱԱԻ-ի հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանն էլ հանդես եկավ «Ինքնասպանությանը բերող հիվանդությունների ախտորոշման խնդիրները Հայաստանում» զեկույցով, որտեղ  համապարփակ անդրադարձ էր կատարված այն  բոլոր  հիվանդություններին, որոնք մարդկանց դրդում են  ինքնասպանությունների :Զեկույցներին հաջորդել է քննարկումը հարց ու պատասխան ձևաչափով: