Բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի իրազեկում. Սյունիք

Յուրաքանչյուր բարեփոխման հաջողությունը կախված է պատշաճ իրազեկումից. այս սկզբունքով ՀՀ Առողջապահության նախարարությունը ԱԱԻ-ի հետ համատեղ վերջին շրջանում ակտիվ շրջայցեր է իրականացնում ՀՀ մարզերում՝ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացին ծանոթացնելով տեղի մասնագետներին:
Այս անգամ իրազեկման միջոցառում կայացավ Սյունիքի մարզպետարանում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ - ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ԱԱԻ-ի այլ մասնագետներ:
Օրենքի պահանջով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացը, անհրաժեշտ կրեդիտային միավորներ կուտակելու կարգը ներկայացնելուց հետո ԱԱԻ-ի մասնագետները պատասխանեցին տեղի բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ նոր օրենքը կնպաստի բժշկական ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելուն, քանի որ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման շնորհիվ բոլոր մասնագետները պարբերաբար կծանոթանան բժշկագիտության վերջին նորություններին: