ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի նոր ուսումնական բազա Գյումրու ԲԿ-ում

Գյումրու բժշկական կենտրոնում բացվեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան, որի գործունեության մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և Գյումրու բժշկական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրով:
Կարևորելով կրթված և ներառական հասարակության կայացումը, կողմերն այդ փաստաթղթով ամրագրեցին համագործակցության հեռանկարը, մասնավորապես.
• ամրապնդել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի և Գյումրու ԲԿ-ի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքի միջև համագործակցությունը,
• ապահովել ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորների մասնագիտական կրթությունը Գյումրու բժշկական կենտրոնի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքում, ռոտացիոն կարգով, 3-6 ամիս ժամկետով:
Ամբիոնի նոր բազայում մասնագիտական կրթությունը կուղեկցվի գիտահետազոտական աշխատանքներով, կապահովվեն նպաստավոր պայմաններ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:
Հանդիպմանը ներկա էին Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսորներ Վիկեն Բաբիկյանը և Միքայել Սկոն Մուրատօղլուն: