Առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավների ամփոփում

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ամփոփվեցին Առողջապահության նախարարության կողմից իրականացված առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավների արդյունքները: Միջոցառմանը ներկա էին Առողջապահության նախարարության հետ ակտիվ համագործակցող պետական ու միջազգային, մարզային ու մայրաքաղաքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր զգալի ներդրում են ունեցել առոողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված նախաձեռնություններում:

Անցած ճանապարհի կարևորությունն ընդգծեցին նաև Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դիանա Անդրեասյանը և տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ հասարակության առողջացման ճանապարհն աշխատատար է և աստիճանական, իսկ նման նախաձեռնությունները խիստ կարևոր են, քանի որ օգնում են առողջ մտածելակերպի ձևավորման գործում։

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը նշեց նախորդ տարի իրականացված առողջ ապրելակերպի արշավներից ստացված դրական արձագանքների և փոփոխությունների մասին, մասնավորապես՝ 
Առողջ ապրելակերպի դեսպան մրցույթը
Առողջ ապրելակերպի իրազեկման մարզային արշավները 
Ավագ սերնդի ֆիզիկական ակտիվության և հիշողության զարգացման ակումբները
Չծխախտոտել 
Առողջ ափսե նախաձեռնությունները
Վերը նշված ծրագրերը 2024թ.-ի ընթացքում հանդիսացել են առողջ ապրելակերպի ձևավորման ու արմատավորման կարևոր խթան Հայաստանի բոլոր մարզերի և մայրաքաղաքի բնակիչների համար: Միջոցառումները սկզբից ևեթ ծրագրվել են այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ներգրավել բնակչության տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի: 

Առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավներին աջակցած գործընկերները պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան նախարարության կողմից։

Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև առողջ ապրելակերպը սովորություն դարձնելուն ուղղված ապագայի միջոցառումներին, որոնք Առողջապահության նախարարությունն իր գործընկերների հետ ծրագրում է իրականացնել 2025թ.-ի ընթացքում: