Ինչպե՞ս կառուցել կլինիկական հետազոտողի կարիերան

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ դասախոսություն, որի գլխավոր նպատակը պրակտիկ բժշկությանը զուգահեռ, կլինիկական հետազոտոթյուններ իրականացնողներին հաջողության փորձված մոդելների փոխանցումն էր։ ԱԱԻ-ի Արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության ամբիոնի և գիտահետազոտական հատվածի նախաձեռնած միջոցառմանը ներկա էին Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնների վարիչներ, ոլորտի այլ մասնագետներ, ովքեր համատեղում են պրակտիկ բժշկությունը գիտահետազոտական գործունեության հետ։
Հայաստանաբնակ գործընկերների հետ իր փորձով կիսվեց ԱՄՆ-ից ժամանած Ալեքսանդր Լազարյանը (MD, MPH, PhD): Արյան և ոսկրածուծի փոխպատվաստման ու բջջային իմունաթերապիայի ոլորտներում մասնագիտացած պրոֆեսորը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մոֆիտի քաղցկեղի կենտրոնում, գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Միջոցառման մասնակիցներին ողջունելով՝ Ալեքս Լազարյանը նշեց, որ իր անցած ճանապարհի փորձություններն ու հաջողությունները կարող են շատ հետազոտողների օգնել կրճատել ձախողումների հավանականությունն ու սեփական ներդրումն ունենալ գիտական նվաճումներում՝ դառնալով բժշկագիտության զարգացման ջատագովների միջազգային ընտանիքի անդամ, ինչպես նաև «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես»-ի հեղինակ։
Ի դեպ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական գիտական հանդեսն ընդունում է հոդվածներ ու աբստրակտներ info@ahms.am էլեկտրոնային հասցեով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ պարբերականի կայքում՝ https://ahms.am/hy/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/