Հայաստանում առաջին անգամ ավարտին է հասել Անհետաձգելի բժշկության կրթական ծրագիրը

Հայաստանում առաջին անգամ ավարտին է հասել Անհետաձգելի բժշկության կրթական ծրագիրը
2025 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցավ անհետաձգելի բժշկության ոլորտում մասնագիտացած առաջին բժիշկների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ոլորտի ղեկավարներ, միջազգային և տեղական գործընկերներ, հյուրեր, ինչպես նաև ծրագրի կազմակերպիչներ և շրջանավարտներ։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ով շնորհավորեց շրջանավարտներին և կարևորեց կրթական ծրագրի դերը՝ որպես առողջապահական համակարգի զարգացման ռազմավարական ուղղություն։
Ծրագիրը մեկնարկել էր 18 ամիս առաջ և նպատակ ուներ ձևավորել նեղ մասնագիտացում՝ անհետաձգելի բժշկության ոլորտում, ինչը հատկապես արդիական դարձավ համավարակի, պատերազմական իրավիճակների և այլ արտակարգ իրադարձությունների պայմաններում։
Դասընթացներին մասնակցել են Երևանի և ՀՀ տարբեր մարզերի բժշկական կենտրոնների 10 բժիշկներ, ովքեր վերապատրաստման ընթացքում շարունակել են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ստացած գիտելիքները անմիջապես կիրառելով գործնականում։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, ինչպես նաև Յելի համալսարանի բժշկական դպրոցի հետ համագործակցությամբ։
Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան ծրագրի հիմնադիրներն ու համահիմնադիրները՝ ներկայացնելով ծրագրի ուղին, արդյունքները և ապագա հեռանկարները։
Այս նախաձեռնությունը դառնում է անհետաձգելի բուժօգնության ոլորտում նոր որակի հիմք՝ ուղղված հանրային առողջության պահպանմանն ու բուժսպասարկման որակի բարձրացմանը։