Հայաստանում կերակրի աղի յոդացման ծրագրի վերահսկումը մեծ ծախսեր չի պահանջի
1990-ականներից ի վեր, կերակրի աղի համընդհանուր յոդացման (ԱՀՅ) ծրագրերի արդյունավետությունն ամբողջ աշխարհում գնահատվում է ծախսատար ներկայացուցչական հետազոտությունների միջոցով: Թեև ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս անցկացնել այդպիսի հետազոտություններ առնվազն հինգ տարին մեկ անգամ, շատ երկրներում բնակչության շրջանում յոդացված աղի ծածկույթի և յոդային սնուցման կարգավիճակի վերաբերյալ տվյալները ավելի քան 10 տարեկան են:
2004 թվականին, կերակրի աղի պարտադիր յոդացման մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո արձանագրվել են ծրագրի կատարման բարձր ցուցանիշներ՝ 2005 և 2016 թվականներին յոդացված աղով տնային տնտեսությունների ընդգրկվածությունը կազմել է ավելի քան 99%, իսկ դպրոցական տարիքի երեխաների մեզում յոդի խտությունը 2016 թվականին եղել է ավելի քան 240 մկգ/լ:
2023 թվականին Յոդի Գլոբալ Ցանցի (ՅԳՑ) աջակցությյամբ Հայաստանում իրականացվեց պիլոտային նախագիծ, որի շրջանակներում կիրառվեց ԱՀՅ ծրագրերի մոնիտորինգի նոր, անհամեմատ սակավ ծախսատար մոտեցում (կոչված FORTIMAS): Վերլուծության ենթարկվեցին ներքին աղբյուրներից հասանելի, այդ թվում յոդացված աղի արտադրության և ներմուծման բազմամյա տվյալներ՝ հաշվարկվեց յոդացված աղով բնակչության “ակնկալվող” ընդգրկվածությունը (>100%): Ուղղակի անալիզները պարզեցին, որ որակյալ յոդացված աղով տնային տնտեսությունների ծածկույթը կազմում է 92% (փռերինը՝ մոտ 100%), 1-ին եռամսյակի հղի կանանց շրջանում առկա է յոդային սնուցման բարենպաստ կարգավիճակ (mUIC 175,3 մկգ/լ): Նորածինների շրջանում թիրետրոպ հորմոնի բարձր մակարդակների (>5 mIU/L) նվազող և մշտապես 3%-ից պակաս տարածվածության հայտնաբերումը նույնպես հաստատեց հղի կանանց յոդային սնուցման պատշաճ վիճակը:
Այսպիսով, Հայաստանի փորձը ցույց տվեց, որ երկրում յոդացված կերակրի աղի մատակարարման և բնակչության յոդային սնուցման կարգավիճակի միջև համապատասխանությունը կարելի է փաստագրել՝ օգտագործելով FORTIMAS մեթոդաբանությունը՝ որպես աղի յոդացման ազգային ծրագրի ընթացքին շարունակաբար հետևելու էժան և արագ մոտեցում: