Բուժաշխատողների հավաստագրման գործընթացի իրազեկում. հանդիպում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ հանդիպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Ներկա էին ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը և ՀՀ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Հանդիպման նպատակը բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի իրազեկումն էր: ՀՀ ԱՆ Առողջապահութան ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը մատչելի ու մանրամասն ներկայացրեց հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները։ 
Պարզաբանվեցին օրենքի պահանջով՝ արդեն հավաստագրման միջոցով բժշկական գործունեությունը շարունակելու հնարավորությանը վերաբերվող բոլոր հարցերը: ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծեց, որ սկսված գործընթացի գլխավոր նպատակը բուժաշխատողների մասնագիտական որակների բարձր մակարդակ ապահովելն ու կատարելագործման գործընթացը շարունակական դարձնելն է, ինչը էական ազդեցություն կունենա մեր երկրի առողջապահական ծառայությունների մատուցման որակի վրա: 
Նշվեց նաև, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ․-ի հունվարի 1-ն է։