Հանդիպում ՀՀ Արդարադատության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ԱԱԾ և Ոստիկանության ենթակայության բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ հանդիպում` ՀՀ Արդարադատության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ԱԱԾ և Ոստիկանության ենթակայության բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ԱԱԻ-ի այլ մասնագետներ:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 1-ն է և Առողջապահության նախարարության գլխավոր նպատակն իրազեկման միջոցառումներով, մատչելի տեղեկատվությամբ բուժաշխատողներին առավելագույնս աջակցելն է: 

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծեց, որ սա առողջապահական բարեփոխումների կարևոր փուլ է, քանի որ բուժաշխատողների վերապատրաստումների փուլից անցում ենք կատարում շարունակական մասնագիտական զարգացում, ինչը կարճ ժամանակ անց իր դրական ազդեցությունը կունենա բուժծառայությունների մատուցման որակի վրա: 

ՀՀ ԱՆ Առողջապահութան ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը համապարփակ ներկայացրեց հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները։ Քննարկվեցին օրենքի պահանջով, արդեն հավաստագրման միջոցով, բժշկական գործունեությունը շարունակելու հնարավորությանը վերաբերվող մի շարք հարցեր: