Բուժաշխատողների հավաստագրման գործընթացի իրազեկում. Արարատի մարզ

Արարատի մարզպետարանում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի մասնակցությամբ։
Հանդիպման գլխավոր նպատակը մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և պարտադիր հավաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկումն էր։
Ըստ կարգի՝ բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր։ Դրանք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է մասնագիտական գործունեության ժամանակահատվածում հավաքեն համապատասխան կրեդիտներ և ապահովեն սահմանված այն բոլոր պահանջները, որոնց առկայության դեպքում միայն հնարավորություն կտրվի շարունակել մասնագիտական գործունեությունը։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 1-ն է։