ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը և ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: 
Համագործակցության հուշագիր ստորագրելով՝ կողմերը հանձն առան մեկնարկել երկուստեք կարևոր նպատակներին ուղղված հեռահար ծրագրեր, այն է՝ իրականացնել առողջ, կրթված, ներառական, հանրային բարեկեցության համար պատասխանատու, կայուն զարգացման ձգտող հասարակության ստեղծմանն ուղղված նախաձեռնություններ, 
մասնավորապես.
իրականացնել հետբուհական, շարունակական մասնագիտական զարգացման, կրթական ծրագրեր
կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ) 
ապահովել նպաստավոր պայմաններ՝ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական ծառայությունների որակի բարելավման գործի հիմնաքարը բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացումն է և միևնույն չափանիշներին պետք է համապատասխանեն բոլոր համակարգերի բուժաշխատողները: Նա հավելեց, որ սույն հուշագիրը կօգնի պարբերաբար իրականացվող վերապատրաստումների օգնությամբ բարձրացնել նաև արդարադատության ոլորտի բուժաշխատողների ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների մակարդակը: 
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ ազատազրկվածները ստանան միևնույն բժշկական ծառայությունները, որոնք հասանելի են այլ քաղաքացիներին, սովորական բուժհաստատություններում: Մինչդեռ, տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունների համակարգը կարծես մեկուսացած էր ազգային առողջապահությունից: Իսկ այս հուշագիրը կօգնի ինտեգրել քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունն ազգային առողջապահական համակարգ:  
Կողմերը հույս հայտնեցին, որ հուշագրի ստորագրումը կդառնա նոր փուլ՝ Առողջապահության և Արդարադատության նախարարությունների համագործակցության պատմության մեջ: