Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հանդիպումը՝ նվիրված բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգի ներդրման ծրագրին

Առողջապահության ազգային ինստիտուտում կայացած հանդիպմանը ներկա էին ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, բուժհաստատությունների տնօրեններ և Հայկական բժշկական ասոցիացիայի անդամներ։ Ողջունելով ներկաներին՝ Լենա Նանուշյանը նշեց, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում ՀՀ ԱՆ  կողմից բուժաշխատողների հավաստագրման  ուղղությամբ։ 
Սույն գործընթացը սահուն իրականացնելու, գոյություն ունեցող խնդիրները վեր հանելու և շտկելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում են իրազեկման աշխատանքներ:
Զուգահեռ ստեղծվում է նաև բուժաշխատողների ռեգիստր, որը մոտ ապագայում թույլ կտա հավաստագրման գործընթացն իրականացնել էլեկտրոնային հարթակում և կպարունակի համապարփակ տեղեկատվություն՝ բուժաշխատողների վերաբերյալ, ինչը կօգնի նաև մասնագիտական ներուժը ճիշտ բաշխելու գործում:
Անդրադառնալով հանդիպման գլխավոր թեմային, Լենա Նանուշյանը նշեց, որ 2025թ-ից ներդրվելու է Բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը, ընդգծելով, որ այն կօգնի, որպեսզի բժշկական ոլորտ մուտք ունենան միայն նրանք, ովքեր իրենց մասնագիտական դաշտում համապատասխան գիտելիքներ, հմտություններ ու գործելաոճ կունենան:
Բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգի ներդրման մանրամասները ներկայացրեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրենի խորհրդական Կարինե Աբրահամյանը: 
Քննարկման վերջում ներկաները հնչեցրին սպասվող և ընթացիկ փոփոխությունների վերաբերյալ հարցեր,  դիտողություններ և առաջարկներ։