«Կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքների և հարմարվողականության ծրագրի նախագծի ներկայացում» խորագրով երկօրյա աշխատաժողով

Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքների և հարմարվողականության ծրագրի նախագծի ներկայացում» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և շահառուների հետ քննարկվեցին ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի կողմից ներգրավված Հայկական բժշկական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից 2021թ․ դեկտեմբեր - 2022թ․ օգոստոս ամիսներին իրականացված Հայաստանում առողջապահության ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման արդյունքները և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նախագիծը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Խոսնակներն ընդգծեցին կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող մարտահրավերներին դիմակայելու հարցում ոլորտում հարմարվողականության միջոցառումների իրականացման ու նշված հարցերի շուրջ իրազեկության բարձրացման կարևորությունը:

Աշխատաժողովի երկրորդ օրը ներկայացվեց Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին նախագիծը: Հանդիպման մասնակիցները հանդես եկան առաջարկություններով և դիտողություններով: