Սիմուլյացիոն կենտրոնի հիմնադրման ծրագիր

Շարունակական մասնագիտական զարգացումն առողջապահության ոլորտի կարևոր հիմնախնդիրներից է: Այն բարձր որակով ապահովելու համար պահանջվում են համագործակցության հեռանկարային ծրագրեր: Դրանցից մեկը ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի և «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի հիման վրա սիմուլյացիոն կենտրոնի ստեղծումն է: 
Դրա կառուցվածքին նախապես ծանոթանալու, ինչպես նաև ապագա համագործակցությունն ամրապնդող պայմանագրի ստորագրման արարողության համար ԱԱԻ-ի Գիտաբժշկական գրադարանում էին հրավիրվել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, «Թրավելինգ դոքթորս» առողջապահական ՀԿ-ի ԱՄՆ գրասենյակի հիմնադիր տնօրեն Ջորջ Քամաջյանը, Հայաստանյան գրասենյակի հիմնադիր տնօրեն Արմինե Բարխուդարյանը, ծրագրերի ղեկավար Լուսինե Մանուկյանը և առաջին շտապբուժօգնության դասընթացների վերապատրաստման այլ մասնագետներ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորեց նոր համագործակցությունը՝ ԱԱԻ-ի և «Թրավելինգ դոքթորս» առողջապահական ՀԿ-ի միջև՝ նշելով, որ ԱԱԻ-ում հիմնվող վերապատրաստումների և քննական սիմուլյացիոն նոր կենտրոնը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման նոր խթան կդառնա: Լ.Նանուշյանը նշեց նաև, որ նախատեսվում է վերապատրաստման այս ծրագիրը ներառել ՇՄԶ պարտադիր դասընթացների շարքում, որոնց յուրաքանչյուր բուժաշխատող պարտավոր է մասնակցել հավաստագրման ամեն մի փուլում: Իսկ ստացած հմտությունները գործնականում կիրառելի դարձնելուն կնպաստի գիտելիքների ստուգման թեստավորման համակարգը, որը ևս մոտ ապագայի ծրագրերի ցանկում է: 
«Թրավելինգ դոքթորս» առողջապահական ՀԿ Հայաստանյան գրասենյակի հիմնադիր տնօրեն Արմինե Բարխուդարյանը նշեց, որ ԱԱԻ-ի հետ համագործակցության այս նոր էջը մեծ խթան կհանդիսանա արտակարգ իրավիճակներում շտապ օգնություն ցուցաբերելու հմտությունների դասընթացների ընդլայնման ու կյանքեր փրկող գիտելիքների տարածման տեմպերի աճի և որակի համար:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և այլ ներկաներ, պրոֆեսիոնալ հրահանգչի ցուցումներով կատարեցին սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառում՝ փոխանցելով այն կարևոր միտքը, որ յուրաքանչյուրը կարող է և պետք է տիրապետի «կյանքեր փրկող» հմտություններին: