Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն․ աշխատաժողով ԱԱԻ-ում

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության ընթացիկ արդյունքները ներկայացնող աշխատաժողով, որին մասնակցում էին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Սանքար Դաթթան, ոլորտի տարբեր մասնագետներ։
Ողջունելով ներկաներին՝ Լենա Նանուշյանը նշեց, որ որակյալ բժշկական օգնության և ծառայությունների մատուցման ապահովումը երկրի առողջապահական համակարգի առանցքային նպատակներից է։ Հայաստանում այդ ռազմավարության ներդրման աշխատանքներն ընթացքի մեջ են սկսած 2022թ-ից։ Մատուցվող ծառայությունների որակի գնահատման համար ստեղծվել են գործիքներ, որոնց կիրառման արդյունքում ակնկալվում է բժշկական ծառայությունների որակի շարունակական բարելավում, պացիենտների անվտանգության և գոհունակության ապահովում։
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը ներդրվել է Հայաստանի 3 բժշկական կենտրոններում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սպիտակի ԲԿ):
Պետք է նշել, որ պիլոտային ծրագիրը որակի համալիր բարեփոխումների ռազմավարության միայն մեկ բաղադրիչն է, որն ի լրումն բուժաշխատողների լիցենզավորման, գործելակարգերի մշակման և այլ բարեփոխումների, կհանգեցնի որակի նոր չափանիշներով բուժսպասարկման:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպման վերջում նշեց, որ փորձարարական ծրագրի արդյունքների վերլուծության հիման վրա նախատեսվում է որակի բարելավման ծրագիրը 2025 թ-ից փուլային ներդնել հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններում։