Քննարկվել են ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման արձանագրության վավերացման ընթացիկ խնդիրները
Քննարկվել են «Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուրը վերացնելու մասին» արձանագրության վավերացման գործընթացում առաջացած խնդիրները
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի «Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուրը վերացնելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի շրջանառության արդյունքում գերատեսչությունների կողմից բարձրաձայնված խնդիրների քննարկման նպատակով, Առողջապահության նախարարությունը կազմակերպել էր հանդիպում շահագրգիռ մարմինների հետ:
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում հավաքվել էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից, Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարություններից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Պետական եկամուտների կոմիտեից, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
ՀՀ ԱՆ Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը ներկայացրեց օրենքի նախագծի շրջանառությանը վերաբերող արձագանքները:
Քննարկման ընթացքում ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ընդգծեց, որ արձանագրության նպատակը ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի բոլոր ձևերի վերացումն է՝ Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի 15-րդ հոդվածի դրույթների համաձայն: Հատկանշական է, որ աշխարհի մոտ 70 երկրներ արդեն իսկ վավերացրել են «Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուրը վերացնելու մասին» արձանագրությունը և հետագա համագործակցության տեսլականը։