Հայաստանում մեկնարկել է ծխախոտից հրաժարմանն աջակցող ACTS միջազգային հետազոտական ծրագիրը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանում մեկնարկել է «Accelerating Tobacco Cessation» (ACTS) միջազգային հետազոտական ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել ծխախոտից հրաժարմանն աջակցող տարբեր մեթոդների արդյունավետությունը և գնահատել դրանց ներդրման ու կիրառման հնարավորությունները առողջապահական համակարգում։

Ծրագիրը միավորում է եվրոպական տարածաշրջանի 9 երկրների հետազոտողների և գիտահետազոտական կազմակերպությունների։ Հետազոտությունն իրականացվելու է չորս երկրում՝ Հայաստանում, Վրաստանում, Սերբիայում և Ալբանիայում՝ Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոնի (UKE) համակարգմամբ։ Ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ԵՄ համագործակցության բաժնի ղեկավար Յոհան Հեսսեն ողջունել է նախաձեռնությունը և շնորհավորել ծրագրի մասնակիցներին՝ կարևորելով միջազգային գիտահետազոտական համագործակցությունն ու հանրային առողջության պահպանմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան բացահայտելու ծխախոտից հրաժարմանն աջակցող առավել արդյունավետ մեթոդները և գնահատելու դրանց կիրառելիությունը Հայաստանի առողջապահական համակարգում։

Ստացված գիտական տվյալները կարող են կարևոր հիմք դառնալ ծխախոտից հրաժարմանն աջակցող առողջապահական ծառայությունների զարգացման և կատարելագործման համար՝ նպաստելով բնակչության առողջության բարելավմանը, ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցմանը և դրա հետ կապված հիվանդությունների կանխարգելմանը։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) ծրագրի շրջանակում։