Կզարգացվի ԱԱՊ հաստատությունների բուժաշխատողների ներուժը ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրելու համար

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում ստորագրված պայմանագրի համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվելու է «ՄԻԱՎ վարակ» դասընթացի նոր բաղադրիչի՝ Երևանի առողջության առաջնային պահպանման հաստատությունների բուժաշխատողների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով աշխատավայրում կարճատև սեմինար-վարժանքների (onjob training) իրականացումը: Նպատակը առաջնային բուժօգնության ծառայություններ դիմող աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրելու համար ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և բժիշկ-լաբորանտների մոտ համապատասխան հմտությունների զարգացումն է: 

«ՄԻԱՎ վարակ» դասընթացի նոր բաղադրիչի մեկնարկի կապակցությամբ օգոստոսի 30-ին դասընթացի ուսումնական բազայում՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կայացավ խորհրդակցություն սեմինար-վարժանքների դասախոսական կազմի հետ: Ուսումնական խորհրդակցությունը վարում էր «ՄԻԱՎ վարակ» դասընթացի գիտական ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը: 
Խորհրդակցությանը մասնակցում էր Առողջապահության ազգային ինստիտուտի ՄԱՁԻԱՀ-ի ծրագրի համակարգող Հովհաննես Մադոյանը:

Քննարկվեցին սեմինար-վարժանքների մեկնարկի հետ կապված խնդիրները, սեմինար-վարժանքի ծրագիրը (պլան, գրաֆիկ) և որպես ՇՄԶ միջոցառում դրա կրեդիտավորման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերն ու նյութերը: Նաև քննարկվեցին 2019-2020թթ. սեմինար-վարժանքների անցկացման նախնական պլանները: