«Որպեսզի ոչ մեկ չանտեսվի»․ «Համապարփակ առողջապահական ծածկույթ» թեմայով քննարկում լրագրողների հետ

Դեկտեմբերի 7-8-ը Աղվերանում տեղի ունեցավ «Համապարփակ առողջապահական ծածկույթ» թեմայով քննարկում լրագրողների հետ: Հանդիպման նապատակն էր լրագրողներին ներկայացնել առողջապահության հիմնական ծրագրերից մեկի՝ համապարփակ բժշկական ծածկույթի տեսլականն ու նպատակները, ինչպես նաև հասկանալ հանրության արձագանքը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ համապարփակ առողջապահական ծածկույթը առողջապահության, երկրների օրակարգի ամենակարևոր թեմաներից մեկն է, որը քաղաքական գործիչները օգտագործում են անգամ իրենց նախընտրական պայքարում։

«Խնդիրն առողջապահական համապարփակ ծածկույթի անցումն է, որպեսզի որևէ քաղաքացի, կամ երկիր մոլորակի որևէ բնակիչ առողջապահական ծառայություններ ստանալուց չանտեսվի», - ասաց նախարարը։

Նա հավելեց, որ տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում այս հարցը։ Մեր երկրում առողջապահական պետական երաշխիքներ ունի բնակչության շատ փոքր հատվածը վերջին փոփոխությունները ներառյալ, մոտ 1.2 մլն մարդ։

«Եվ մենք խնդիր ունենք այդ ծածկույթը մեծացնելու։ Մեր առաջարկը «ամեն ինչ բոլորին» սկզբունքն է, որպեսզի միանգամից բոլորին ծածկենք, բայց կարող են լինել նաև այլ տարբերակներ։ Օրինակ, այդ 1.2 կարող է դառնալ 1.9, հետո 2 և այլն, և մի երջանիկ օր դառնա 3 միլիոն։ Այդ ամենը կորոշվի թե հանրային լայն քննարկումների արդյունքում, թե խորհրդարանական քննարկումների արդյունքում, բայց վերջնական նպատակը դա է չանտեսել որևէ մեկին», - ասաց Արսեն Թորոսյանը։

Համապարփակ առողջապահական ծածկույթից խոսեց նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, իսկ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ներկայացրեց ապահովագրական համակարգերի համեմատականը՝ միջազգային փորձը:

Ոլորտի մասնագետները զեկույցներ ներկայացրեցին առողջապահական ծախսերի, հաշիվների, գործող պետական պատվերի և համապարփակ առողջապահական համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ: