Ավարտական դիպլոմների հանձնում ԱԱԻ-ում

Մայիսի 26-ին Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ  Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ողջունելով ներկաներին ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը  բարի երթ մաղթեց շրջանավարտներին.
«Այսօր իսկապես ուրախալի օր է, հաղթահարելով ուսումնական ողջ պրոցեսը՝ ստացաք մասնագիտական որակավորում:Անցնող 1.5 տարիները, իրավամբ հեշտ չեն եղել, պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային համավարակով և իհարկե պատուհասած պատերազմով: Ցավոք սրտի, երկու ճակատում էլ մենք ունեցանք կորուստներ , այդ թվում կլինօրդինատորների շրջանում: Հայտնի պատճառներով,  մեր համատեղ շփումները առավել սահմանափակ դարձան, տեղափոխվելով օնլայն տիրույթ: Այդ իսկ պատճառով որոշեցինք թողնված բացը այսօր լրացնել, տետատետ մտքեր թոխանակել, լսել ձեր կարծիքները, տեսակետները, գուցե անհանգստությունները: Կրթական համակարգը մշտապես կատարելագործման փուլում է, ուստի անչափ կարևոր է պահպանել կապը այլևս  շրջանավարտների հետ: Շնորհավորելով յուրաքանչյուրիդ՝ մաղթում եմ մասնագիտական  նորանոր նվաճումներ»:
Միջոցառմանը ներկա էր ԱՆ Անձնակազմի կառավարման  վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը  դիմելով ներկաներին՝  շնորհակալություն հայտնեց այդքան դրական և լուսավոր միջոցառմանը ներկա գտնվելու համար. «Սիրելի շրջանավարտներ, սիրեք Ձեր մասնագիտությունը և երբևէ չդադարեք կատարելագործվել:Եվ որտեղ էլ  որ լինեք պատվով  պահեք Առողջապահության ազգային ինստիտուտի  սանը  լինելու բարձր կոչումը»:
ԱԱԻ դեկան Գոհար  Երիմյանը շնորհավորելով շրջանավարտներին՝  սահուն  և անխոչընդոնտ   մասնագիտական ընթացք մաղթեց, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց դասախոսական անձնակազմին ՝ համավարակի և պատերազմի պայմաններում՝ կրթական գործընթացի անընդհատությունը ապահովելու համար: Ցավոք սրտի, անցնող տարում ունեցանք նաև  անդառնալի  կորուստներ, կյանքից հեռացան կլինօրդինատորներ՝ Վահրամ Կարապետյանը և Լիլիթ Դավթյանը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
ԱԱԻ Ընտանեկան Ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Մուրադյանն էլ վստահեցրեց՝ Առողջապահության ազգային ինստիտուտի  դռները մշտապես բաց  են լինելու իրենց   առջև. <<Մենք պատրաստակամ ենք  խորհրդակցելու, լսելու,  սովորեցնելու, երկուստեք փորձը փոխանակելու>>:
Միջոցառման ավարտին շրջանավարտները հնարավորություն ունեցան իրենց շնորհակալանքի խոսքը հղելու պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ներկայացնելու  իրենց մոտեցումները, տեսակետները , իրենց ուսումնառության ընթացքի ձեռբերումներն ու բացերը:  
Հանդիսավոր արարողության ավարտին հանձնվեցին ավարտական դիպլոմները: