ՀՀ ԱՆ ԱԱԻ ՓԲԸ-ի և ԻՀԱԿ ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Օգոստոսի 31-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրեն Վարդան Ավագյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր:

Երկուստեք կարևորելով առողջ, կրթված և ներառական հասարակության կայացումը, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է ստանձնում ինչպես սեփական, այնպես էլ հանրային բարեկեցության համար, ինչպես նաև հաշվի առնելով կայուն զարգացման նպատակները, կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեկտեղելու ջանքերը՝ մարդկային ներուժի մասնագիտական զարգացման նպատակով:

Կնքված հուշագրով կողմերը պարտավորվեցին ՝ համագործակցել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրերի իրականացման, գիտական և հետազոտական աշխատանքների) կազմակերպման, ինչպես նաև բժիշկների կրթական և վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ:

Կողմերը մեկ անգամ ևս վերահաստատեցին նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և առավել խորացնելու պատրաստակամությունը: