ԱԱԻ-ում բացվել է ուսումնական կենտրոն

ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, վերանորոգվել, հարուստ գրականությամբ և նորագույն տեխնիկայով հագեցվել է ուսումնական կենտրոն, որը որպես կրթական հարթակ է ծառայելու բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների հեռավար կազմակերպման համար: 
Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին  Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Ողջունելով ներկաներին, ԱԱԻ-ի տնօրեն Ա. Բազարչյանը  նշեց. «Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր նշանակալի իրադարձություն է, բացում ենք ուսումնական նոր կենտրոն: Ուսումնական կենտրոնը  գործելու է մեր ուսանողների, բուժաշխատողների,  գործընկերների և, իհարկե, բոլորի համար: Մեզ համար պատիվ է ինստիտուտում հյուրընկալել  ԱՆ նախարարի առաջին տեղակալ, ԱԱԻ-ի լավագույն շրջանավարտ Լենա Նանուշյանին և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Բարի ընթացք  ուսումնական կենտրոնին և նախանշված  բոլոր ծրագրերին»։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ևս ողջունեց հյուրերին. «Տասնամյակներ շարունակ Առողջապահության ազգային ինստիտուտը մեր բուժաշխատողների համար եղել է ռեսուրսային կենտրոն, իսկ այսօր արդեն ակնառու է ինստիտուտի գիտաուսումնական ներուժը: Վստահաբար, նոր ուսումնական կենտրոնը դառնալու է այն վայրը, որտեղ ձևավորվելու է բարյացակամ միջավայր բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ծանոթանալ նոր գրականությանը, ձեռք բերել նոր գիտելիքներ, համապարփակ տեղեկատվություն ստանալ իրականացվող դասընթացների, ծրագրերի վերաբերյալ: Ողջունելի է, որ այս  ծրագրի շուրջ համախմբվել են մի շարք գործընկերներ՝ նպաստելով առողջապահության ոլորտի զարգացմանը»։
ՀՀ-ում  ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց. «Շատ հաճելի է ներկա գտնվել այս ուսումնական կենտրոնի բացմանը, որը հարուստ գրականությամբ և նորագույն տեխնիկայով հագեցվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շնորհիվ Հայաստանում ամրապնդվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, վարակիչ հիվանդությունների, այդ թվում, B և C հեպատիտների հսկողությունն ապահովող համակարգը: Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների՝ Հայաստանի Հանրապետության համակողմանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ներառյալ՝  COVID-19-ի համավարակի բացասական հետևանքների հաղթահարման, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման, արդյունաբերական մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պաշտպանության, աղետների կառավարման, էներգաարդյունավետության հաղթահարմանն ուղղված աջակցությունը: Շնորհակալ եմ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար»։ 
Այնուհետև, միջոցառման հյուրերը շրջեցին ուսումնական կենտրոնում,  ծանոթացան  կատարված աշխատանքներին, հեռանկարային ծրագրերին։
Հատկանշական  է, որ Ուսումնական կենտրոնում, բացի ՄԱԿ-ի հրատարակությունների և կազմակերպության մասին այլ նյութերի համար նախատեսված գրապահարան/անկյուն ունենալուց, նախատեսված է նաև կենտրոնում կազմակերպել ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպումներ, աշխատաժողովներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, նոր հրատարակությունների շնորհանդեսներ: