Վերացնենք անհավասարությունը. Վերջ դնենք ՁԻԱՀ-ին. Կանգնեցնենք համավարակները

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  միացյալ ծրագիրն  ընդգծում է անհավասարությունը վերացնելու խիստ  անհրաժեշտությունը, որը ՁԻԱՀ-ի համաճարակի և ամբողջ աշխարհում այլ համաճարակների շարժիչ ուժն է: 

Առանց անհավասարության դեմ պայքարի վճռական գործողությունների,  մինչև 2030 թվականն աշխարհին սպառնում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարում հաղթանակի համար ընդունված նպատակների ձախողում, COVID-19 համավարակի շարունակում և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացում: ՁԻԱՀ-ի առաջին դեպքերի գրանցումից ի վեր արդեն քառասուն տարի է անցել, սակայն ՄԻԱՎ-ը դեռևս գլոբալ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար: Մենք հետ ենք մնում մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի վերացման համատեղ պարտավորությունների կատարումից. պատճառը ոչ թե գիտելիքների կամ միջոցների պակասն է, այլ կառուցվածքային անհավասարությունը, որը ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման համար ապացուցված լուծումների արդյունավետ կիրառման արգելք է հանդիսանում: 
Եթե մենք ցանկանում ենք մինչև 2030 թվականը ձերբազատվել ՁԻԱՀ-ից, ապա սոցիալական, տնտեսական, մշակութային և իրավական անհավասարությունը պետք է հնարավորինս արագ արմատախիլ անել: 
Չնայած այն կարծիքին, որ ճգնաժամը սոցիալական անհավասարության խնդիրների լուծման լավագույն ժամանակը չէ, այնուամենայնիվ, առանց դրա ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ: 
Անհավասարության վերացումը  երկարաժամկետ գլոբալ պարտավորություն է, որն էլ ավելի արդիական է դառնում: 
2015 թվականին բոլոր երկրներն ազգային և միջազգային մակարդակներում պարտավորվեցին նվազեցնել անհավասարությունը՝ կայուն զարգացման նպատակներին համապատասխան: 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2021-2026 թթ. գլոբալ ռազմավարությունն է՝ 
վերացնել անհավասարությունը, վերջ դնել  ՁԻԱՀ-ին: 
2021 թվականի ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով բարձր մակարդակի խորհրդակցության ժամանակ ընդունված ՁԻԱՀ-ի վերաբերյալ Քաղաքական հռչակագիրը խիստ կարևորել է անհավասարության խնդիրը: Անհավասարության վերացումը կօգնի ոչ միայն վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին, այլ նաև պաշտպանել բնակչության խոցելի խմբերին, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները, բարձրացնել COVID-19-ի և այլ համաճարակների դեմ պայքարի արդյունավետությունը, ապահովել տնտեսության վերականգնումը և դրա կայունության պահպանումը: Բացի այդ, անհավասարության վերացումը թույլ կտա փրկել միլիոնավոր մարդկանց կյանքը, ինչպես նաև բարձրացնել հասարակության կյանքի որակը: Անհավասարությունը հաղթահարելու համար պահանջվելու են լուրջ փոփոխություններ: Մեզ անհրաժեշտ են քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխություններ, որոնք թույլ կտան պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքները և բավարարել բնակչության այն խմբերի պահանջները, որոնք հայտնվել են կյանքի ծանր պայմաններում և ենթարկվել են մարգինալացման: 
Մենք գիտենք ինչպես հաղթել ՁԻԱՀ-ին, մենք գիտենք ինչ է զարգացմանը խանգարող անհավասարությունը և գիտենք նաև, թե ինչպես կարելի է այն հաղթահարել: Եվ անհավասարությունը վերացնելու քաղաքականության ներդրումն առաջնորդներից պահանջում է համարձակություն: Այժմ կառավարությունները պետք է խոսքից անցնեն գործի: 
Անհրաժեշտ է պայմաններ ապահովել ներառական սոցիալ-տնտեսական զարգացման համար: Հրաժարվել խտրական օրենքներից, կանոններից և քաղաքական միջոցառումներից՝ բոլորին հավասար հնարավորություններ ընձեռնելու և անհավասարությունն արմատախիլ անելու համար: Կառավարությունների համար եկել է իրենց խոստումները կատարելու ժամանակը: Նրանք պետք է գործեն հենց հիմա և պատասխան տան մեր առջև: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը եկեք հիշեցնենք մեր կառավարություններին, որ գլոբալ անհավասարությունն ազդում է բոլորիս վրա, անկախ նրանից, թե ով ենք մենք և որտեղ ենք ապրում: 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի  համաշխարհային օրը եկեք պահանջենք անհավասարության վերացում. ՁԻԱՀ-ի և անհավասարության պատճառով առաջացած բոլոր այլ համաճարակների դադարեցման գործողություններ: 
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մենք պետք է հիշեցնենք, որ գլոբալ անհավասարությունն ազդում է բոլորիս վրա, անկախ ազգային պատկանելությունից և բնակության վայրից: