Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտություների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։
Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։
2020 թվականին Հայաստանում քաղցկեղով հիվանդացությունը (առաջնակի ախտորոշված) կազմել է 6934 դեպք, իսկ մահացությունը` 5367 դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 14.8%: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (54.7%, 2941 դեպք, կանայք`45.2%/2434):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2018-2019թթ. տվյալներով` Հայաստանում քաղցկեղից վաղաժամ (մինչև 65 տարեկանների շրջանում) մահացության ցուցանիշը կազմել է` 71 (ըստ 100 հազար բնակչի), իսկ բոլոր տարիքային խմբերում` 166, որը ավելի ցածր է, քան Հունգարիայում (99 և 212), Խորվաթիայում (83 և 200), Սերբիայում (96 և 196), Ռումինիայում (93 և 182), Ռուսաստանի Դաշնությունում (76 և 155) Լիտվայում (79 և 176), Լեհաստանում (76 և 180), Մոլդովայում (83 և 157) (“Helath for All” WHO https://gateway.euro.who.int/.../hfa.../visualizations/...)։
Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները:
Իրականացվող ծրագրերը.
2015 թվականից մեկնարկել է 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը: Մեկնարկից մինչև 2021թ. տարեվերջ իրականացվել է 328 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, որից 28671-ը` նախորդ տարի: Կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինգային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` 2022 թվականին սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են:
2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։
2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը, որի շրջանակներում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում շարժական մամոգրաֆով սպասարկվել է 6961 կին: Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 511 կին (7.4%) ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ)աջակցությամբ: 72 կնոջ (1.1%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է և 66 պացիենտի տրամադրվել է անվճար մասնագիտացված բուժօգնություն: 2022-ի հունվարից շարժական մամոգրաֆը տեղակայվել է Տաշիրի պոլիկլինիկայի տարածքում, փետրվարին այն կտեղափոխվի Ալավերդի, ապրիլին` Տավուշի մարզ, այնուհետև՝ Սյունիք։
Միաժամանակ, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ շուրջ 210 հաշվառված պացիենտի (68%-ը՝ 28-50 տարեկան, 11%-ը` 50-60 տարեկան, 21%-ը` 60-65 տարեկան) անվճար տրամադրվել է շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» (հերցեպտին) դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:
2021 թվականի ընթացքում պետական պատվերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային բուժում է ստացել շուրջ 2500 պացիենտ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է հաստ աղու քաղցկեղի սքրինինգ, որի ընթացքում հետազոտվել է մոտ 699 պացիենտ, որոնցից 81-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։
Այս տարի նախատեսվում է նաև փորձարարական կարգով ներդնել կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը` պետության աջակցությամբ։
Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ
  •  Չ՛ծխել
  •  Հետևե'ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
  •  Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
  •  Սննդակարգը հարստացրե՛ք հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
  •  Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),
  •  Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքի ընդունումը, ալկոհոլի օգտագործումը
  •  Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
  •  Խուսափե՛ք սննդային հավելումների ընդունումից
  •  Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
  •  Քաղցկեղ ախտորոշվելուց հետո` հետևե՛ք բժշկի խորհուրդներին