Հանդիպում-քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր կայացավ ՄԱԿ ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի շրջանակում ապակենտրոնացման նպատակով իրականացվող աշխատանքների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ արագ թեստավորման արդյունքների ներկայացմանը նվիրված հանդիպում-քննարկում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպմանը ներկայացվեցին «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում›› ծրագրի , ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեստավորման , ինչպես նաև ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ արագ թեստավորման արդյունքները։
Ողջունելով ներկաներին ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց ԱԱԻ-ի կողմից վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես ՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում ծրագրի արդյունքները։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը իր ներածական խոսքում ընդգծեց հանդիպման կարևորությունը․«Ծրագիրը գործում է գրեթե 3 տարի և առողջության առաջնային պահպանման օղակում իրկանացված աշխատանքի արդյունքում արձանագրել ենք նշանակալի ձեռքբերումներ։ Այսօր ամփոփելով ծրագրի արդյունքները , առավել տեսանելի կարող ենք դարձնել առկա խնդիրներն ու խոչընդոտները՝ մեր հետագա աշխատանքը ադապտացնելով ըստ կարիքների» ։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանի խոսքով ծրագրի արդյունքները բավականին խոսուն են, և նման ձևաչափով հանդիպումները առավել շոշոփելի կդարձնեն այն բոլոր ծրագրային բացերն ու խնդիրները, որոնք կնպաստեն հետագայում ծառայություններն ավելի մատչելի և որակյալ դարձնել։
Զեկույցներով հանդես եկան Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ արագ թեստավորման արդյունքները և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Նառա Մելիքյանը։
Հանդիպումը ամփոփվեց հարցուպատասխանով։