Վարպետաց դաս. «Ժամանակակից վիրաբուժական հեպատոլոգիա»

Առողջապահության ազգային ինստիտուտում, Վիրաբուժական հիվանդությունների և նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ կրեդիտավորված վարպետաց դաս՝ «Ժամանակակից վիրաբուժական հեպատոլոգիա» խորագրով։ Այն նախատեսված էր բոլոր պրոֆիլի վիրաբույժների, ռադիոլոգների, ուռուցքաբանների համար: 
Որպես բանախոսներ ելույթ ունեցան Մոսկվայի Ա. Մ. Գրանովի անվան ռադիոլոգիայի և վիրաբուժական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսորները։
Վարպետաց դասի ընթացքում համալիր քննությամբ ներկայացվեց լյարդի ուռուցքային պաթոլոգիաների վարման միջազգային և ժամանակակից փորձը։ 

էնդովասկուլյար միջամտությունները հեպատոպանկրեատոբիլիար վիրաբուժության կոնցեպտում

Ժամանակակից քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների կիրառումը լյարդի չարորակ նորագոյացություններով պացիենտների բուժման համատեքստում

Հիվանդների ախտորոշման և բուժման ժամանակակից միտումները. Կլատսկինի ուռուցք

Իրական կլինիկական պրակտիկան ու դիտարկումները. բարդ հիվանդ կամ բազմագետ թիմի բացակայություն

 
ԱԱԻ-ի Վիրաբուժական հիվանդությունների և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը ներկայացրեց լյարդի ուռուցքային պաթոլոգիաների բուժման հայաստանյան փորձը:

Վարպետաց դասի շրջանակներում ռուս պրոֆեսորները կարևորեցին հայ գործընկերների հետ փորձի փոխանակման նման առիթները, քանի որ դրական արդյունքներ տված ցանկացած բացահայտում ուռուցքաբանության ոլորտում կարող է քաղցկեղի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնել:
Վարպետաց դասի ավարտին Ա. Մ. Գրանովի անվան ռադիոլոգիայի և վիրաբուժական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև կնքվեց հուշագիր՝ ուսումնական, գիտահետազոտական գործունեության, առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերի մասին։