Տավուշի մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

Տավուշի մարզպետարանում կայացավ մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային կարգապահության, դեղորայքային ապահովվածության, ինֆեկցիոն հիվանդությունների հնարավոր բռնկումների, ՀՀ ԱՆ նոր հրամանների և առողջապահական չափորոշիչների ներդրման, դեղատոմսերի ու անաշխատունակության թերթիկների էլեկտրոնային գրանցման և այլ խնդիրներ։
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանն ու ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը ներկայացրեցին COVID-19-ի, մանկական իմունականխարգելման, մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ իրականացվող պատվաստումների կատարողականը և ծագած խնդիրների հաղթահարման ռազմավարությունը։
Նշվեց, որ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տարածքում արդեն իսկ կայանել է շարժական մամոգրաֆիկ սարքը, որով անվճար կհետազոտվեն ընտանեկան բժիշկների մոտ հերթագրված 50-69 տարեկան կանայք։
Գործակարգավարական խորհրդակցությանը հաջորդեց ՀՀ ԱՆ կողմից կազմակերպված բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացների վերաբերյալ իրազեկում-քննարկում՝ ՀՀ ԱՆ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի մասնակցությամբ։ Առողջապահության ազգային ինստիտուտի թիմը մանրամասն ներկայացրեց հավաստագրման և կրեդիտների ձեռքբերման գործընթացը։