Ամփոփվեցին ՀՀ-ում աղի յոդացման շոշափելի արդյունքները

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ «Հայաստանում աղի յոդացման ծրագրի մոնիտորինգի ամրապնդմանը նվիրված ազգային բազմաոլորտային սեմինար»։

Միջոցառմանը մասնակցում էին առողջապահության, սննդի անվտանգության, կրթության ոլորտի, ինչպես նաև աղի յոդացման հետ այս կամ այն կերպ առնչվող այլ մասնագետներ։ Մասնակիցներին ողջունեց ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ ընդգծելով սեմինարի կարևորությունը, ԱԱԻ-ի կողմից կատարված հետազոտության արդյունքները (https://nih.am/am/national_account_reports/171/am), ինչպես նաև այդ ուղղությամբ շարունակվող աշխատանքների մեծ նշանակությունը  բնակչության առողջության պահպանման գործում։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում յոդի անբավարարության կանխարգելման ու վերահսկման թեմայով ելույթ ունեցավ ՅԳՑ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող պրոֆ. Գրեգորի Գերասիմովը։ Նշելով, որ Հայաստանն այս ոլորտի հետազոտությունների համար բարենպաստ պայմաններ ու մտավոր մեծ ներուժ ունի՝ պրոֆեսորն անդրադարձավ ինչպես յոդի դեֆիցիտի հետևանքներին, այնպես էլ կերակրի աղի յոդացման արդյունքում մի շարք հիվանդությունների կանխարգելման հնարավորությանը՝ այդ ճանապարհն ընտրած մի շարք երկրների, այդ թվում՝ մեր երկրի օրինակով։ 
 
Հայաստանում յոդացված աղի ծածկույթի և յոդային սնուցման կարգավիճակի գնահատման ՅԳՑ նոր,  այսպես կոչված ՖՈՐՏԻՄԱՍ (անգլ. fortification monitorimg and surveillance) մոտեցման պիլոտային ծրագրի իրականացման արդյունքները ներկայացրեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի  հանրային առողջապահության հարցերով խորհրդատու Հրայր Ասլանյանը։ Սեմինարի մասնակիցները ծանոթացան յոդացված աղի օգտագործման շոշափելի արդյունքներին: Ուսումնասիրության համաձայն, վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում գրանցվում է  յոդացված աղով բնակչության կայուն բարձր “սպասվող” և գնահատված ծածկույթ: Առաջին եռամսյակում գտնվող հղիների շրջանում առկա է յոդային սնուցման բարենպաստ կարգավիճակ: Ավելին, վերջին 12 տարիների ընթացքում նորածինների շրջանում թիրեոտրոպ հորմոնի բարձր մակարդակների նվազող և մշտապես 3 տոկոսից պակաս տարածվածության հայտնաբերումը հղիների շրջանում հանդիսանում է յոդային սնուցման պատշաճ վիճակի ևս մեկ ցուցանիշ այդ ժամանակահատվածում: 
Վերջում զեկուցողը նշեց, որ ՖՈՐՏԻՄԱՍ մոտեցման փորձարկումը Հայաստանում հնարավորություն է ընձեռել դրականորեն գնահատել նոր մեթոդաբանության իրագործելիությունն ու օգտակարությունը՝ որպես շատ ավելի մատչելի մոտեցում: Ուստի, աղի յոդացման ազգային ծրագրի մշտադիտարկումը կարող է իրականացվել ավելի հաճախ և առանց զգալի արտաքին ֆինանսական աջակցության:

Ներկաները հնարավորություն ունեցան մասնագետներին ուղղելու իրենց հուզող հարցերն ու ստանալ պատասխաններ, որոնք հետագայում կօգնեն Հայաստանում յոդի դեֆիցիտի կանխարգելման ծրագրերը դարձնել առավել արդյունավետ ու փոխգործակցված։